Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ադրբեջանը որոշել է մասնավորեցմամբ հաղթահարել ճգնաժամը

Ադրբեջանը որոշել է մասնավորեցմամբ հաղթահարել ճգնաժամը
19.01.2016 | 11:57

Ադրբեջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով իշխանությունները բռնում են մասնավորեցման ուղին՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ նախարարների հետ հանդիպման ընթացքում և միջազգային փորձագետների մասնակցությամբ մասնավորեցման ծրագիր մշակելու հանձնարարությունն է տվել։ Ծրագիրը, որը ենթադրում է տեղացի և արտասահմանցի ներդրողների ներգրավում, պետք է բարելավի գործարար միջավայրն ու տնտեսական աշխուժություն ստեղծի։
Փորձագետների գնահատմամբ՝ նավթի համաշխարհային շուկայում գների անկումից ամենաշատ տուժած երկրներից մեկը նավթով հարուստ Ադրբեջանն է, որտեղ ազգային տարադրամի կտրուկ արժեզրկումը հանգեցրել է սննդամթերքի սրընթաց գնաճի, աշխատատեղերի զանգվածային կրճատումների և աննախադեպ բողոքի ալիք է բարձրացրել։ Ալիևը համաձայն չէ Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի մասին պնդումներին։ «Ադրբեջանը ավելի քիչ կորուստներ է կրել, քան մյուս նավթային երկրները»,- հայտարարել է նա և հավաստիացրել, թե Ադրբեջանը հեշտությամբ է հաղթահարում դժվարությունները՝ կարևորելով բարեփոխումների անհրաժեշտությունը։ «Քայլեր են ձեռնարկվում կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, պետական ոչ պետքական կառույցները կամ պետք է միավորվեն, կամ վերացվեն»,- ասել է նա։ Առաջարկներ են մշակվում արժութային շուկան կարգավորելու ուղղությամբ։ Սակայն իշխանությունները հիմնական ելքը մասնավորեցման մեջ են տեսնում։ «Թուրան» գործակալությունը փորձել է պարզել, թե որ ոլորտներն են սեփականաշնորհման ենթակա։ «Էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայությունների, շինարարության, ծովային տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտները»,- գործակալությանն ասել է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին։ Նա, սակայն, կասկածում է, որ արտասահմանյան ներդրողները հետաքրքրություն կդրսևորեն Ադրբեջանում մասնավորեցման գործընթացների նկատմամբ՝ հաշվի առնելով դատական անկախ համակարգի, ակտիվ քաղաքացիական հասարակության, ազատ լրատվական դաշտի բացակայությունը և կոռուպցիան։ Մինչդեռ Ալիևի վարչակազմի պնդմամբ՝ աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը անտարակույս կշարունակի լինել Ադրբեջանը։ Ալիևը հավաստիացրել է, թե 2016-ին Ադրբեջանը տնտեսական զարգացման որևէ խնդիր չի ունենա։ Իսկ մինչ այդ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ալիքը չի մարում։ Փողոց է դուրս եկել Ջալիլաբադի բնակչությունը։ Բաքվից 211 կիլոմետր դեպի հարավ տեղակայված այդ քաղաքում խաղաղ ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են գործազրկության, գնաճի դեմ, պահանջում հասցեական սոցիալական օգնություն։ Իրենց պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները սպառնում են փակել մայրաքաղաք տանող ճանապարհը։ Շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչները ցուցարարներին խոստացել են լուծել խնդիրը։ Սակայն ցուցարարները չեն ցրվել, և չնայած շրջանային վարչակազմի շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված, ցույցը շարունակվում է։
Բողոքի ակցիաներ են եղել ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում՝ Բինայում, երկուշաբթի օրը խանութներն այդպես էլ չեն բացվել։ Փակ պահելով իրենց վաճառակետերը՝ առևտրականներն իրենց դժգոհությունն են հայտնել վարձակալության բարձր գների դեմ։ Մի քանի ամիս առաջ այստեղ խանութի վարձակալության միջին գինը 100 մանաթ էր: Ազգային արժույթի արժեզրկման առաջին փուլում վարձերը բարձրացվել են մինչև 500 մանաթ, իսկ վերջին՝ կտրուկ արժեզրկումից հետո 1000-1500 մանաթ։ «Այսօր մեր առևտուրը կազմում է առավելագույնը 100-150 մանաթ։ Բացի այդ, դադարեցվել է Չինաստանից և Թուրքիայից ապրանքների ներկրումը, գները աճել են և ոչինչ չի վաճառվում»,- պարզաբանել է առևտրականներից մեկը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ